Հայաստանն ու Ադրբեջանն իրենց տեսակետներն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 15-ի ճեպազրույցում:
Զախարովան ասել է, որ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևավորված ձևաչափ: «Դա իրոք հին խնդիր է, որը ենթադրում է փոխզիջման որոնում, իսկ դա իր հերթին նախատեսում է կողմերի դիրքորշումների մերձեցում, անկախ նրանից, թե որքան հակասող դրանք կարող են լինել»,-ասել է նա:
Զախարովան հավելել է նաև, որ իրավիճակն առաջխաղացում է պահանջում, ուստի վերջին շրջանում շփումները տարբեր ձևաչափերով ինտենսիֆիկացել են: Շփումներն ընթանում են տարբեր ձևաչափերով: Ռուսաստանը որպես այդ ձևաչափի մասնակից իր կողմից անում է ամեն հնարավորը, որպեսզի փոխզիջում գտնվի: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ դա որքան հնարավոր է շուտ լիներ, սակայն ոչ ի վնաս երկու երկրների ժողովրների և, իհարկե, մարդկանց, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է քննարկվել ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հունիսի 20-ին:
«Մենք չենք բացառում, որ հարցը կարող է արծարծվել միջազգային խնդիրների քննարկման շրջանակում: Դա բնական է: Մենք երկխոսության մեջ ենք ֆրանսիացի գործընկերների հետ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում», -ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Իվ Լե Դրիանը կհանդիպեն Մոսկվայում հունիսի 20-ին: