15 հունիսի 2017 - 17:36 AMT
«Երկիր ծիրանին» պատրաստվում է դատի տալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը պատրաստ է նախաձեռնել դատական գործընթաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:

«2017 թվականի հունիսի 12-ին Երևանում հորդառատ անձրևի պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթևեկությունը: Երևանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան կաթվածահար էր եղել: Փակ շուկայի հարևանությամբ գտնվող թունելը դարձել էր անանցանելի: Թունելում արգելափակված ավտոբուսից և մեքենաներից բարեբախտաբար հնարավոր է եղել տարհանել ուղևորներին։ Երևանի Լենինգարդյան փողոցում ջրհեղեղի հետևանքով նույնպես մեքենաները արգելափակվել էին: Երևանի Նոր- Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել հենապատի փլուզում, որի հետևանքով վնասվել էր միայն ավտոմեքենա, ուղևորները բարեբախտաբար չէին տուժել:

Այս փաստերը ևս մեկ անգամ ընդգծում են, որ Երևանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրևը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաև մարդկային զոհերի», - ասված է խմբակցության հայտարարության մեջ:

Նշվում է, որ անձրևատարերի ոչ բավարար լինելը, առկա ջրահեռացման համակարգի ոչ պատշաճ շահագործումը` աղտոտված (խցանված) լինելը, ճարտարապետա-շինարարական նորմերի կոպիտ խախտումներով Երևանի կառուցապատումը հանգեցրել է ջրահեռացման համակարգերի բացակայության` ջրահեռացման համատարած խափանման:

2007 թվականից առ այսօր մոտ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երևանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):

Հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթների (աշխատանքների) իրականացումը :

«Երևանի քաղաքապետարանի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործունեությունն է իրականացնում «Վեոլիա» ընկերության հետ, վարձակալության պայմանագրի համաձայն պատասխանատու է Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման գործառույթների (աշխատանքների) իրականացման համար:

Երևանի քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության և հողի վերահսկողության, վերահսկողության և բնապահպանության վարչություններ», - ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Նրա կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման և այլ անօրինականությունների հետևանքով արձանագրվել է՝ Երևանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երևանի քաղաքապետը և քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունեալով համապատասխան վարչակազմ և միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրևից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երևանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

«Հաշվի առնելով, որ բազմաթիվ երևանցիներ տուժել են Երևանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս, և հաշվի առնելով, որ հորդառատ անձրևները կարող են կրկնվել ու տևել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաև անդառնալի վնասների ու կորուստների:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երևանի քաղաքային իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության», - տեղեկացնում է խմբակցությունը: