7 դեկտեմբերի 2007 - 15:12 AMT
«Ռուսաստանի երկաթուղին» մնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիայի համար հայտարարված մրցույթի միակ մասնակիցը
«Ռուսաստանի երկաթուղի» ընկերությունը մնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիայի համար հայտարարված մրցույթի միակ մասնակիցը: Ռուսական ընկերությունը, որը լայնածավալ էքսպանսիա է ծրագրում մերձավոր երկրներում, կարող է ստանալ իր առաջին ակտիվը, զրկվելով մրցակիցներից` հնդկական RITES ընկերությունը հետ է կանչել մրցույթին մասնակցելու իր հայտը:

2006 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշել է «Հայկական երկաթուղին» կոնցեսիայի հանձնել 30 տարի ժամկետով` 20 տարով այն երկարացնելու իրավունքով: Այդ ակտիվի հավակնորդները երկուսն էին` ՌԵԹ-ն ու հնդկական RITES ընկերությունը, սակայն դեկտեմբերի 6-ին RITES-ը հրաժարվեց հետագա պայքարից եւ ՌԵԹ-ը մնաց միակ հավակնորդը: Մրցույթի պայմաններով այն կկայանա անկախ մասնակիցների քանակից:

Մրցույթի պայմաններով, կոնցեսիոները պարտավոր է 10 մլն դոլար կանխավճար անել եւ 170 մլն դոլար ներդնել երկաթուղու արդիականացման մեջ, մասնավորապես 1200 վագոնների եւ լոկոմոտիվի վերականգնման եւ ձեռք բերման համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 100-տոկոսանոց պետական ընկերություն է, որը հանդիսանում է հանրապետության ողջ շարժակազմի եւ 900 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ենթակառուցվածքների միակ սեփականատերը: Ընկերության ակտիվների արժեքը կազմում է շուրջ 40 մլն դոլար, մաքուր եկամուտը 2006 թվականի արդյունքում` 1,2 մլն դոլար է: