17 հունիսի 2017 - 10:33 AMT
Արցախում զոհված զինվորները պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Հրամանագրում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ:Միջադեպի հետևանքով զոհվել են զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):