17 հունիսի 2017 - 12:19 AMT
Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք:

Հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։