Ներքին տեղահանվածների և փախստականների քանակն աշխարհում 2016-ի վերջի տվյալներով հասել է 65.5 մլն: Այդպիսի տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ը:
2016-ի ավարտին աշխարհում բռնի տեղահանվել է 65,5 մլն մարդ: Ըստ զեկույցի, դա աննախադեպ բարձր ցուցանիշ է: 2015-ին այն 65,3 մլն էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«2016-ին ամեն րոպե (միջինացված տվյալներով) 20 մարդ է հեռացել տնից, այսինք 1 մարդ՝ յուրաքանչյուր 3 վայրկյանում», -պարզաբանել են UNHCR-ում, գրում է Deutsche Welle-ն:
Փախստականների հիմնական «մատակարար» է համարվել Սիրիան՝ 5,5 մլն մարդ: Բացի այդ, աճում է լարվածությունը Հարավային Սուդանում, որից 2016-ի ավարտին հեռացել է 737.000 մարդ:
Եվրոպան Երկրորդ համաշխարհայինից հետո ամենալուրջ ճգնաժամն է ապրում փախստականների հետ կապված, որի պատճառն առաջին հերթին հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:
Եվրահանձնաժողովը տարբեր իրավական և դրամական պատիժներով է սպառնում այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին: Չեխիան, Սլովակիան, Հունգարիան և Լեհաստանը դեմ են քվեարկել դրան:
Չեխիան հրաժարվում է ընդունել ներգաղթյալներին, չնայած, որ իրեն ԵՄ-ից 10 մլն եվրո տուգանք է սպառնում: