19 հունիսի 2017 - 12:11 AMT
Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը հավանության է արժանացել

Հունիսի 19-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

Ծրագիրը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները:

Ծրագրում հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետ Կարապետյանը:

Ծրագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: