Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ևս գնահատում է միջին ծանրության։
Մասնագետները դրական են համարում, որ 33-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։
Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։
Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։ Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։
Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինծառայողը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։
Կարդացեք նաև՝ Հունիսի 17-ին վիրավորված ևս մեկ զինվոր տեղափոխվել է Երևան. Վիճակը ծանր է