19 հունիսի 2017 - 18:00 AMT
Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները տեղափոխվում են այլ տարածքներ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն այսօրվանից 20 առևտրական կտեղափոխվի այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են:

Նշվել է, որ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել ևս 30 առևտրականի տեղափոխման հարցը:

Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ: Դա առևտրականների կողմից բողոքի ալիք է բարձրացրել:

Բացի այդ, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել լքյալ 5 կրպակ:

Հանձնարարվել է շարունակել հսկողությունը, ինպես նաև ակտիվացնել աշխատանքները լքյալ և չգործող կրպակների ապամոնտաժման ուղղությամբ:

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 6 դեպք: Զեկուցվել է, որ նախկինում արձանագրված 2 հասցեներում էլ կատարվել են քանդման աշխատանքներ:

Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում էլ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը: