Սիրիայի կառավարական զորքերը և նրանց դաշնակից ուժերը ազատագրել են Ռասաֆ քաղաքը և 20 բնակավայր Ռաքքա գավառի հարավում, ինչպես նաև ոչնչացրել են ԻՊ մի շարք օտարերկրացի պարագլուխների:
«Մեր զինված ուժերը և դաշնակիցները հսկողություն են հաստատել Ռասաֆ քաղաքում և Ռաքքա գավառի հարավում, ազատագրվել է 20 գյուղ»,-ասել է աղբյուրը Սիրիայի ԶՈւ շարքերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի, մարտերի ընթացքում ոչնչացվել են ահաբեկչական «Իսլամական պետության» մի շարք պարագլուխներ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Սաուդյան Արաբիայից և Իրաքից:
«Սպանվել է ԻՊ ավելի քան 100 գրոհային», ոչնչացվել է 11 տանկ, 6 միավոր զրահատեխնիկա, 10 հրետանային կայանք և ավելի քան 200 ավտոմեքենա»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Թել-Շաեր գյուղին: Օդային հարձակման հետևանքով զոհվել է 12 անդամից բաղկացած մեկ ամբողջ ընտանիք:
Ավելի վաղ հայտարարվեց, որ Սիրիայում հավանաբար սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ահաբեկիչը սպանվել է ՌԴ օդուժի ավիահարվածի արդյունքում: