20 հունիսի 2017 - 12:37 AMT
Ադրբեջանական ծագմամբ աղի ու թեյի ներկրումը ՀՀ կանխվել է

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ:

Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:

Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ադրբեջանական խնձորի ներմուծման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել:

Ձերբակալությունները կատարվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, ապօրինի ճանապարհով հանրապետություն գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու և ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հետևանքով պետությանը խոշոր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանցի փորձագետ. Վրացականի անվան տակ երկիր է ներկրվում հայկական կարտոֆիլ ու ծիրան