11 դեկտեմբերի 2007 - 12:34 AMT
Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով կարգավորման մեջ: Ըստ նրա, չնայած Ադրբեջանի կողմից գնալով հաճախակի դարձող ռազմատենչ հայտարարություններին, դրա համար դեռեւս մեծ հնարավորություններ կան, քանի որ, իր համոզմամբ, հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Խավիեր Սոլանան եւս անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը, շեշտելով, որ ԵՄ-ն թույլ չի տա իրադարձությունների այդ աստիճան վատթարացում: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ունենալով նաեւ ԵՄ-ի աջակցությունը, Թուրքիայի հետ նույնպես կարելի է հարաբերությունները կարգավորել, որի համար, ըստ նրա, հայկական կողմն առաջարկում է երկուստեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Խավիեր Սոլանան կարեւոր է համարել, որպեսզի Հայաստանում առաջիկա ընտրությունները չլինեն այնպիսին, որ երկրի զարգացումն ու նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետընթաց ունենան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: