22 հունիսի 2017 - 17:26 AMT
ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ սահմանը հատած անձին այցելելու շուրջ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսության մեջ է ներգրավված կողմերի հետ՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի հարցով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Երևանի գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում ներգրավված կողմերի հետ: Նպատակն է այցելել այդ անձին՝ համաձայն միջազգային մարդասիրական նորմերի»,- պարզաբանել է Ամատունին:

Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ, բնակության վայր, տուն ու հարազատներ չուներ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով գերեվարված հայ զինծառայողի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն որևէ դիվերսիոն գործողությունների չի դիմել, զոհերի և գերի ընկած զինծառայողների մասին խոսակցություններն անհիմն են։

Ոստիկանությունը պարզել է, որ Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։ վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։