24 հունիսի 2017 - 11:03 AMT
2 զինծառայողի ընտանիք 10 և 5 մլն դրամ փոխհատուցում է ստացել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

Պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250.000 և 150.000 ՀՀ դրամ:

Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ավելի վաղ հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում էր կայացրել նաև սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զոհված զինծառայողի ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ: