26 հունիսի 2017 - 13:20 AMT
Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը կկոչվի Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով

Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը Ռուսաստանի անլեգալ հետախուզության 95-ամյակի կապակցությամբ կկոչվի Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով: Ալմաստը պահվում է ՌԴ պետական գանձարանում: Վարդանյանների պատվին անվանակոչված ալմաստը եզակի է նրանով, որ երկու սերտաճած ալմաստից է բաղկացած՝ դա բացառիկ երևույթ է բնության մեջ, հայտնում է Rusarminfo-ն:

Հոբելյանի կապակցությամբ ալմաստներ են անվանակոչվել նաև լեգենդար հետախույզներ Ալեքսեյ Կոզլովի և Ալեքսեյ Բոտյանի անուններով:

Հունիսի 25-ին 01:30-ին ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքը ցուցադրել է «Անիտա» ծածկանունով» հեռուստաֆիլմը հայտնի հետախույզ, ոչ լեգալ հետախուզության լեգենդ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ և զինակցի՝ Գոհար Վարդանյանի մասին:

16 տարեկանում Գոհարը գիտակցաբար ընտրել է Հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է:

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:ծ

Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը: