15 դեկտեմբերի 2007 - 14:19 AMT
Մոսկվան կոչ է անում Բելգրադին եւ Պրիշտինային շարունակել բանակցությունները Կոսովոյի հարցով
Մոսկվան կոչ է անում Բելգրադին եւ Պրիշտինային շարունակել բանակցությունները Կոսովոյի հարցով եւ հուսով է, որ կողմերը կկարողանան փոխզիջման հասնել: Այդ մասին հայատարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Մենք գտնում ենք, որ կողմերը կկարողանան փոխզիջման հասնել: Մենք հուսով ենք, որ դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ազդանշան կտա կողմերին, որ միջազգային հանրությունը սպասում է բանակցությունների շարունակությանը»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Ռուսաստանը կընդունի ցանկացած լուծում, որին կհամաձայնեն կողմերը:

Չուրկինը նշել է, որ Սերբիայի եւ Եվրամիության մերձեցմանը զուգահեռ վերջիվերջո Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը կարող է նորից դիտարկվել: «Այդ մոտեցումը համապատասանում է ԵՄ-ի, Սերբիայի եւ Պրիշտինայի հայտարարություններին այն մասին, որ նրանք իրենց տեսնում են Եվրամիությունում: Այդ պատճառով, բանակցությունները շարունակելու կոչը այնքան էլ մեծ խնդրանք չէ»,- նշել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը:

Չուրկինը նաեւ հաղորդել է, որ սերբական պատվիրակությունը քննարկմանը մի շարք փոխզիջումային տարբերակներ է առաջարկել, մասնավորապես, Բելգրադը համաձայնել է բացարձակ ազատություն տալ Կոսովոյի տնտեսական հարաբերություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 19-ին կայանալու է ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը: