15 դեկտեմբերի 2007 - 15:10 AMT
Պորտուգալիան եւ Ռումինիան հրաժարվում են ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը
Եվրամիությունը պատրաստ չէ Կոսովոյի կողմից միակողմանի կարգով հռչակված անկախության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Լուիշ Սոկրատեշը:

«Իմ պատասխանն է` ոչ»,- ընդգծել է պորտուգալացի վարչապետը: Նա Կոսովոյի կարգավիճակի խնդիրը անվանել է «նուրբ»: Սոկրատեշը հայտնել է նաեւ, որ ԵՄ առաջնորդները ուրբաթ օրը Բրյուսելում անցած ձմեռային գագաթնաժողովին հավանություն են տվել այդ տարածաշրջանային կազմակերպության քաղաքացիա-ոստիկանական առաքելության ուղարկմանը Կոսովո:

ԵՄ առաքելության աձնակազմում, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի ՄԱԿ-ի առաքելությանը Կոսովոյում, 1,8 հազար մարդ է ընդգրկվելու, այդ թվում 1,4 հազար ոստիկաններ:

Իր հերթին, Ռումինիան եւս մտադիր չէ ճանաչել Կոսովոյի անկախությունը` հռչակված միակողմանի կարգով:

«Ելնելով տարածքային ամբողջականության եւ անխախտության սկզբունքից` մենք չենք կարող ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը»,- հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:

Նշենք, որ 1999 թվականից ի վեր Կոսովոն, որը հանդիսանում էր Սերբիայի տարածքի մի մասը, գտնվում է ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Կոսովոյի ղեկավարությունը անկախություն է պահանջում, Սերբիայի իշխանությունները դեմ են: