17 դեկտեմբերի 2007 - 14:31 AMT
Թուրքիայում կաթոլիկ եկեղեցականի հանդեպ մահափորձ է կատարվել
Դեկտեմբերի 15-ին Իզմիրում վիրավորվել է հռոմեական կաթոլիկ սուրբ Անտուան եկեղեցու սպասավորը: Իտալացի եկեղեցական Ադրիանո Ֆրանչինին դանակի հարված է ստացել որովայնի շրջանում եւ հասցվել է տեղի հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը հետաքննում է պատահարը, հարձակման մանրամասները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք ազգայնականների ձեռքից Տրաբզոնում զոհվեց իտալացի կաթոլիկ եկեղեցական Անդրեա Սանտորոն: Ընթացիկ տարվա ապրիլին Մալաթիայում ծայրահեղ աջ կազմակերպության ներկայացուցիչները հարձակվել էին քրիստոնեական հրատարակչության վրա: Սպանվել է երեք մարդ, որից մեկը Գերմանիայի քաղաքացի էր: Մալաթիայի դատախազությունը պահանջում է դատապարտել երեք դատապարտյալներին, որոնք մեղադրվում են սպանությունների կատարման համար, ցմահ բանտարկության, հաղորդում է NTV-ն: