17 դեկտեմբերի 2007 - 16:19 AMT
Ջոզեֆ Փենինգտոն. Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը կարող է բավականին շուտ նշանակվել
«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը անպայման կնշանակվի, եւ ես կարծում եմ, որ դա բավականին շուտ կլինի»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նրա խոսքերով, Վաշինգտոնը մեծապես կարեւորում է Հայաստանի նշանակությունը եւ ցանկանում է, որ դիվանագիտական առաքելությունը լիարժեք գործի: «Սակայն ամեն ինչ կախված է Սպիտակ տնից եւ Սենատից` երբ կներկայացվի եւ կնշանակվի Երեւանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը: Հայկական կառավարությունն, ինչպես մենք բազմիցս նշել ենք, այստեղ կապ չունի»,-ընդգծել է դիվանագետը` հավելելով, որ դեսպանի նշանակումը «կդարձնի նրան դեսպանատան ամենաերջանիկ մարդը»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը ժամանակից շուտ ետ կանչվեց հրապարակայնորեն Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար: Երեւանում դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնի համար Սպիտակ տունը առաջադրեց Ռիչարդ Հոգլանդին, որի թեկնածությունն արգելափակեց ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն: Վետոն դրեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսն այն պատճառով, որ Հոգլանդը Ցեղասպանություն չի ճանաչում Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: