29 հունիսի 2017 - 10:04 AMT
Պաշտպան. Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանում՝ նկուղային հարկում, ծեծի է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. աչքերի տակ սևացած է, կան նաև այլ կապտուկներ, գրում է A1plus.am-ը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ պաշտպան Արա Ղարագյոզյանը ավելի ուշ տեսակցել է Արայիկ Խանդոյանին:

«Արայիկ Խանդոյանին հասցված վնասվածքները՝ վնասել են աջ աչքի շրջակայկքը; հարվածներ են հասցրել գլխին; հարվածներ են հասցրել երիկամներին; երկու ոտքերի վրա առկա են արյունազեղման հետքեր և կապտուկներ»,- գրել է Պապիկյանը:

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում):