29 հունիսի 2017 - 11:04 AMT
Volterman խելացի դրամապանակի զարգացման համար մեկ օրում $67.000 է հավաքագրվել

Հայկական բազմաֆունկցիոնալ Volterman դրամապամանակը ներկայացվել է IndieGoGo հարթակում, որտեղ ստարտափի զարգացմանը նպաստելու համար սկսվել է դրամահավաք: Մեկ օրում հավաքագրվել է նախապես հայտարարվածից 1.5 անգամ շատ գումար՝ ավելի քան 67.000 դոլար նախապես հայտարարված 45.000-ի փոխարեն:

Հայկական դրամապանակը հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանցիների մոտ:

Հայկական ստարտափն առաջարկում է սուպերհերոսի հայկական տարբերակը՝ Volterman-ը: Այս դրամապանակը գրեթե անհնար է կորցնել՝ իր մի շարք հատկանիշների շնորհիվ:

Աշխարհում ամեն տարի կորչում է ավելի քան 30 միլիոն դրամապանակ: Անընդհատ դրամապանակներ կորցնելու անլուծելի թվացող խնդրի լուծում է առաջարկում GlobalAM հասարակական կազմակերպությունը՝ ներկայացնելով աշխարհում առաջին խելացի դրամապանակը:

Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը: Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն:

Եթե ձեր դրամապանակը գողանան, ապա դուք հեշտությամբ կարող եք իմանալ, թե ով է դա արել: Դրամապանակն ունի լուսանկար անող համակարգ՝ Thief Detection camera, որը նկարում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացում է այն: Դրամապանակը բացած անձի նկարը հաղորդագրության տեսքով գալիս է սմարթֆոնին:

Բացի այդ, հայկական խելացի դրամապանակը Bluetooth alarm-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սմարթֆոնի և դրամապանակի մեջ հեռավորությունը շատ է մեծանում:

Բացի ապահով դրամապանակ լինելուց՝ Volterman-ն ունի ևս մի քանի հետաքրքիր գործառույթներ: Խելացի դրամապանակի շնորհիվ դուք կարող եք լիցքավորել ձեր հեռախոսը ցանկացած պահի՝ անլար և լարային ռեժիմներում: Բացի այդ, Global WiFi hotspot-ի միջոցով դուք կարող եք ցանկացած վայրում օգտվել ինտերնետից:

Կարդացեք նաև՝ Գյուտ` պարտքի դիմաց. Քրաուդֆանդինգի հայկական օրինակները` հաջողված և ոչ այնքան