18 դեկտեմբերի 2007 - 14:49 AMT
Հաքան Թեքին. Թուրքիան չի վախենում իր պատմությունից
Ամերիկացի օրենսդիրները չպետք է հաստատեն Կոնգրեսի Արտաքին գործոց Հանձնախմբի Հայոց ցեղասպանության 106-րդ բանաձեւի վավերացումը, որովհետեւ այդ որոշումը կարող է արգելք հանդիսանալ թուրք եւ հայ ժողովուրդների հաշտեցման աշխատանքների համար: Այդ մասին հայտարարել է Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Թեքին: Նրա խոսքերով, սխալ է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատահած սպանությունները որակել որպես` ցեղասպանություն: «Եւ Կոնգրեսի Հանձնախմբի 27-21 որոշումը ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, պատճառ դարձավ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների վատթարացման, ինչի հետեւանքով թուրք դեսպան Նապի Սենսոն ետ կանչվեց Անկարա: Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակից երկիր, եւ մեր հարաբերությունների վրա ազդեց անցյալ ամսվա որոշումը:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիան չի վախենում պատմությունից: Թաքինը հիշեցրել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանն առաջարկել է Հայաստանի նախագահ Քոչարյանին հանձնախումբ կազմել 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար: «Ամերիկյան Կոնգրեսը պարտավոր չէ ցեղասպանության պատմությունը օրինականացնելու, որովհետեւ Հայոց ցեղասպանության հարցը շրջանառության մեջ է Ամերիկահայ զանգվածի շնորհիվ, որը մեծ ընտրազանգված է ԱՄՆ-ում եւ կարող է ազդել ամերիկյան քաղաքական դաշտի վրա»,- ընդգծել է Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, գրում է հրպարակախոս Հակոբ Մարտիրոսյանը: