18 դեկտեմբերի 2007 - 17:47 AMT
Վարդան Օսկանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները կշարունակվեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ողջունել են Հայաստանի եւ Ադբեջանի պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների շարունակության մասին նաեւ առաջիկա տարում, չնայած առաջիկա նախագահական ընտրություններին երկու երկրներում: Այդ մասին այսօր մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, հանրապետության արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ համանախագահները Ղարաբաղի հակամարտության կողմերին փոխանցեցին հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքստը, որում կողմերի չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված են համանախագահների առաջարկությունները: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Երեւանին ու Բաքվին հավանություն տալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանուր հայեցակարգի ընդունմանը, որի արդյունքում կմշակվի համապարփակ Խաղաղության համաձայնագիրը: