29 հունիսի 2017 - 16:49 AMT
Դիլիջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները կկանոնակարգվեն

Հունիսի 29-ին գործադիրը հավանություն է տվել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների լուծման միջոցառումների ծրագրին:

Որոշման հիմնավորման մեջ ասված է, որ այն ուղեցույց կհանդիսանա Դիլիջան համայնքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման համար, ինչը թույլ կտա համակարգել և կանոնակարգել քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները՝ նպաստելով քաղաքի պատմագեղագիտական գրավչության աճին, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև քաղաքի բնակչության զբաղվածության հարցերի լուծմանը:

Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմում է Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի բաղկացուցիչը, որով հեռանկարում կապահովվեն պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և անվտանգ օգտագործման հնարավորությունները: