29 հունիսի 2017 - 17:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին գործարանն է բացվել

Հունիսի 29-ին Երևանում բացվել է «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանը: Բացմանը ներկա էր վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին:

Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար:

Ընկերությունը նախատեսում է նախ արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային և այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար:

2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

2017 թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

ՖՈՏՈՇԱՐՔ