3 հուլիսի 2017 - 15:16 AMT
Հուլիսի 29-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին հանձնարարել է հուլիսի 29-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

Որոշման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող հանրապետական շաբաթօրյակները:

Միաժամանակ, պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ներգրավել նաև շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին, անհրաժեշտության դեպքում մասնակիցներին տրամադրել նաև համապատասխան պարագաներ:

Հայաստանի զբոսաշրջության և ներդրումային գրավչության, ինչպես նաև՝ հարմարավետության տեսանկյունից կարևոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների և այգիների մաքրությունը: Այս մասին դեռևս փետրվարին խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՏԿ նախարարին հանձնարարելով մշակել և սահմանել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը: