20 դեկտեմբերի 2007 - 14:45 AMT
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն, հայտարարել է ՀՀ վարչապետը
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն, եւ սկզբունքորեն, կարեւոր է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, իսկ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ: ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ Եվրամիությունը շահագրգռված է, որպեսզի պահպանվի այն, ինչին կողմերը մինչ այժմ հասել են բանակցությունների ընթացքում, եւ հնարավորինս լավ հիմք ստեղծվի հետագայում այդ բանակցությունները շարունակելու համար: «Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից եւ նրա խոսքերից տպավորություն է ստացել, թե նախագահ Ալիեւը հակամարտության լուծումը տեսնում է ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների անցկացումից հետո»,-ասել է Սեմնեբին:

Վարչապետ Սերժ Սարգսյանը վերստին ընդգծել է այս հարցի վերաբերյալ արդեն հրապարակավ արտահայտած իր մոտեցումը, նշելով, որ երկու երկրներում նախագահական ընտրությունները չպետք է կապվեն հակամարտության կարգավորման հետ. «Ինչու՞ պետք է նախագահի թեկնածուները թաքցնեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ: Եթե խնդիրներ կան երկրի քաղաքացիներին համոզելու սեփական մոտեցումների ճշմարտացիության մեջ, եւ կա մտավախություն, որ որոշակի փաստաթղթի ստորագրմամբ, թեկնածուին տրվելիք ձայները կարող են նվազել, ապա դա պատճառաբանություն չէ: Միգուցե, ինչ-որ թեկնածուների կարող է ձեռնտու չլինել, բայց երկու պետությունների համար չափազանց կարեւոր է, որ նախագահի թեկնածուներն իրենց դիրքորոշումները հստակ արտահայտեն»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ընտրություններից հետո տվյալ երկրի նախագահը, նման դեպքում, հանգիստ կարող է ասել իր ընտրողներին, թե` դուք քվեարկել եք իմ ծրագրի օգտին, եւ ես դա պետք է իրականացնեմ»: