22 դեկտեմբերի 2007 - 13:21 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Կոսովոն եւ Սերբիան այլեւս երբեք միասնական պետություն չեն լինի
Կոսովոն եւ Սերբիան երբեք չեն լինի նույն պետության մասը, եւ Կոսովոյի կարգավիճակի շուրջ «եռյակի» բանակցությունների ավարտից հետո անհրաժեշտ է հետագա որոշումներ կայացնել երկրամասի կարգավիճակի մասին: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: «Ես կարծում եմ, որ դա միանգամայն հասկանալի է»,-ընդգծել է նա: «Հաջորդ մի քանի շաբաթներին կարեւորվում է որոշման կայացումը, քանի որ Կոսովոյի կարգավիճակի լուծումների բացակայությունն ապակայունացնում է Բալկանները»,-նշել է Ռայսը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ միջազգային երկխոսությունը` Կոսովոյի խնդրի լուծմանը հասնելու համար: «Մենք կխոսենք կոսովարների հետ, սերբերի հետ, եւ կխոսենք բոլոր մասնակիցների հետ, ներառյալ ռուսներին, քանի որ մեզ բոլորիս է հարկավոր այնպիսի գործողություններ կատարել Բալկաններում, որոնք կայունացնող կլինեն եւ թույլ կտան փակել Բալկանյան պետությունների պատմության ողբերգական էջերը, որպեսզի Եվրոպայի կառուցումը վերջնականապես ավարտվի, «սառը պատերազմից» 17 տարի անց»,-ասել է Ռայսը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: