6 հուլիսի 2017 - 14:34 AMT
Պաշտոնյա. ԵՏՄ երկրները հրաժարվել են միասնական դրամական միավորի անցնել

Եվրասիական տնտեսական միությունում միասնական դրամական միավորի մասին շուտ է խոսել: Հուլիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը:

«Այստեղ երկրների սուվերենիտետի մասին կարող է խոսք գնալ։ Մենք Եվրամիություն չենք, որտեղ որ եվրոն է։ Միասնական արժույթ մտցնելը նշանակում է հրաժարվել դրամավարկային քաղաքականությունից՝ իր հետևանքներով։ Շատ շուտ է խոսել այդ մասին»,- ասել է նա։

Ժամանակ առ ժամանակ շրջանառվում է ԵՏՄ երկրներում միասնական դրամական միավոր ներդնելու հարցը։ Ըստ խոսակցությունների՝ այն ռուսական ռուբլու հիմքի վրա է ստեղծվելու։

Տիգրան Դավթյանը, սակայն, չի ժխտել՝ քննարկումներ այս հարցով եղել են. «Ռուսաստանի կողմից չեն եղել այդպիսի կտրուկ առաջարկներ։ Եղել է գաղափար, որը երկրների կողմից մերժվել է՝ ասելով, որ դեռևս շատ շուտ է դրա մասին խոսել»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ գուցե թեմային վերադառնան 2025 թվականից հետո, երբ կձևավորվի միասնական ֆինանսական շուկան, հաղորդում է A1plus.am-ը։

Հուլիսի 6-ին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարվա ամփոփման մասին սեմինարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան էլ հայտարարել է, թե Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է: