6 հուլիսի 2017 - 18:22 AMT
Կորյուն Նահապետյան. Ադրբեջանի նպատակը լայնամասշտաբ պատերազմ սկսելն է

Ադրբեջանը նոր քաղաքականություն է իրականացնում, որի նպատակն է վերսկսել լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Անդրադառնալով սահմանային վերջին սրացումներին, բանախոսն ասել է՝ առաջին անգամ չի փաստվում, որ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են քաղաքացիական խաղաղ բնակչության հետևում, այդպիսով ցույց տալով, որ իրենց չի մտահոգում իրենց բնակչության անվտանգությունը, գրում է Aravot.am-ը:

Նա հավելել է. «Մենք մեր կողմից լարում հրահրելու խնդիր չպետք է դնենք օրակարգում: Բայց դա չի նշանակում, որ մեր կողմից տրվող հակադարձումներում չպետք էլինեն ավելի կոշտ հայտարարություններ: Թեպետ, ես կարծում եմ, որ իրավիճակը մեր կողմից պահանջում է ավելի զգոն լինել»:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։