Հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ 2017-ի Գրան Պրիի երրորդ փուլը (18 մասնակից, 9 տուր, շվեյցարական մրցակարգ): Մրցաշարին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստերներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գիրշչուկը, Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին (բոլորը` ՌԴ), Պավել Էյլանովը (Ուկրաինա) և ուրիշներ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:
Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել էր վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը. նա 4- րդն է:
Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր: