7 հուլիսի 2017 - 17:01 AMT
Շփման գծում ՊԲ 3 զինվոր է վիրավորվել

Հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ վերջին անգամ 122-մմ Դ-30 հաուբիցներ Ադրբեջանը կիրառել էր 2017 թ. փետրվարին՝ անցած ամիսներին սահմանափակվելով ավելի փոքր տրամաչափի հրետանի ու ականանետեր կիրառելով:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։