10 հուլիսի 2017 - 16:48 AMT
Հայ և ռուս սահմանապահները վարժանք են անցկացրել Իրանից դեպի ԼՂ անցումը կանխելու սցենարով

ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ստորաբաժանումները ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի հետ համատեղ մշակել են Իրանից դեպի Արցախ անցումը կանխելու սցենարը:

ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության և ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի ստորաբաժանումների գործողությունների ու միջոցների համաձայնեցման մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպվել և անցկացվել է համատեղ վարժանք «Սահմանային որոնման իրականացում կցման (Նյուվադիի) ուղղությամբ», հայտնում է Sputnik-Արմենիան սահմանապահ վարչության մամուլի ծառայության վրա հղումով:

Վարժանքին մասնակցել է ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Մեղրիի սահմանապահ ջոկատն ու ՀՀ ԱԱԾ երկրորդ սահմանապահ ջոկատը: Վարժանքի ընթացքում մշակվել է գործող ստորաբաժանումների փոխադարձ իրազեկման կարգը՝ պետական սահմանախախտների որոնման սցենարով, որոնք փորձում են ճեղքել սահմանն ու անցնել Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքը:

«Ըստ սցենարի, հայ-իրանական սահմանի 2 պայմանական սահմանախախտ հաղթահարել է ազդանշանային համալիրի գծային մասն ու հատել ՀՀ և ԼՂՀ վարչական սահմանը՝ փորձելով թաքնվել լեռնային տեղանքում: Որոնման արդյունքում պայմանական սահմանախախտներից մեկը ձերբակալվում է սահմանապահների կողմից, իսկ երկրորդը հայտնաբերվում է կվադրոկոպտերի օգնությամբ՝ վրան տեղադրված տեսախցիկի օգնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանցի սահմանապահների կարգավիճակը Հայաստանի տարածքում սահմանվում է միջպետական պայմանագրով՝ ստորագրված 1992թ. սեպտեմբերի 30-ին Երևանում։ Այդ փաստաթուղթը մտնում է այն պայմանագրերի և համաձայնագրերի համակարգի մեջ, որոնք ստորագրվել են երկու պետությունների միջև 1990-ական թթ. սկզբին: