11 հուլիսի 2017 - 10:24 AMT
Բաբայան. ՌԴ կողմից Բաքվի սպառազինումը բիզնես է ու զսպիչ հանգամանք

Պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան: Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Նա հավելել է՝ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա, դա ռուսական կողմի բիզնեսն է:

«Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը մեր կարծիքով ճիշտ չէ, Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է նման զենք մատակարարել: Բայց դա Ռուսաստանի ներքին գործն է, և կրկին պետք է ասենք՝ ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ զենքի մրցավազքն ինչ-որ ձև պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, որովհետև եթե կողմերն ունեն հզոր զենքեր, դա նաև զսպիչ հանգամանք է». - ասել է Բաբայանը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին՝ «չէ՞ որ հենց այդ զենքով են ադրբեջանցիները կրակում հայկական ուժերի, հայաբնակ բնակավայրերի վրա»,- Բաբայանն արձագանքել է. «Այո, միգուցե նրանք օգտագործում են այդ զենքերը, բայց եթե Ռուսաստանը չմատակարարի, այլ պետություն է մատակարարելու, նույն Իսրայելը, նույն Պակիստանը, բազմաթիվ այլ երկրներ մատակարարում են: Չգիտես ինչու միայն ռուսական կողմի մատակարարման վրա է սևեռված բոլորի ուշադրությունը: Ի վերջո՝ մենք էլ ունենք «Իսկանդեր» և այն մենք ձեռք ենք բերել Ռուսաստանից, չպետք է դա մոռանանք»:

Հուլիսի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արդիական սպառազինության և զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից:

Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, նորագույն ռազմական միջոցներն առաքվել են Ադրբեջան ըստ երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության:

Բաքվի նավահանգստում ստացել են մեծաքանակ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումներ, որոնք նախատեսված են համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար: Ինչպես հայտնում է Razm.info-ն, հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ: Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400 միավոր նման հրթիռ: