11 հուլիսի 2017 - 11:02 AMT
Արցախի Քարին տակը նոր մանկապարտեզ ունի. 42 երեխա կհաճախի

Արցախի Քարին տակ գյուղը, որը Գորշ և խրոխտ ժայռերի անմիջապես ներքևում է, նոր մանկապարտեզ ունի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ արգենտինահայ բարերարների շնորհիվ 2010թ.-ից համայնքը զարգանում է. այսօր Քարին տակում կա համայնքային կենտրոն` գյուղապետարանով, բուժկետով, մշակույթի տնով, գրադարանով, վերանորոգվել է գյուղի ջրամակատակարարման համակարգը, կառուցվել է սպորտդահլիճ և դպրոցական հանդիսությունների սրահ:

Արգենտինահայերի ֆինանսավորմամբ չորրորդ խոշոր ծրագիրը գյուղի նոր մանկապարտեզի կառուցումն էր: Մանկապարտեզ 42 երեխա կգնա:

Մանկապարտեզը հանդիսությամբ բացվել է հուլիսի 10-ին:

«Գյուղում արդեն լուծվել էր կարևոր նշանակության և ժամանցի վայրերի, ջրի խնդիրը, բայց կար անբարեկարգ մանկապարտեզ: Մենք հուսով ենք, որ այս մանկապարտեզում քարինտակցի երեխաները, որոնք բոլորը պատերազմին մասնակցած հայրեր և պապիկներ ունեն, էլ ավելի կկապվեն իրենց հողին և կպաշտպանեն Արցախը», - ասել է բարերար Նշան Դեվեճիէանը:

Քարին տակի մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարար Հակոբ Գյուլգյուլյանի 96-րդ հանձնած կառույցն է:

Մանկապարտեզը նախագծվել է երեխաներին հարմարություն ապահովելու համար: Մանկապարտեզում մի քանի խոշոր սրահ կա, ննջասենյակներ, ճաշարան, խոհանոց, սանհանգույցներ և այլն:

Ամբողջովին գույքով, աքսեսուարներով և խաղալիքներով լի` մանկապարտեզը պաշտոնապես բացվում է և տրամադրվում տնօրեն Մանուշ Պետրոսյանի հոգածությանը:

660 բնակիչ ունեցող և ինչպես իրենք` գյուղացիներն են ասում, «արտահոսք» չունեցող Քարին տակի կենտրոնը` գյուղամեջը, այսօրվանից տեղափոխվում է` տեղակայվելով բարեկարգ համայնքային կենտրոնի և նորակառույց մանկապարտեզի շուրջ` գտնվելով նույն խրոխտ ժայռի` քարին տակ: