11 հուլիսի 2017 - 12:47 AMT
Հետազոտություն. Օրական մեկ բաժակ սուրճը 12%-ով նվազեցնում է մահացության ռիսկը

ԱՄՆ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է մահացության ռիսկը բոլոր պատճառներից: Համապատասխան արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում, այդ մասին սեղմ հայտարարել է նաև ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանը:

Մասնագետները մոտ 190. 000 կամավորի են հետազոտել՝ սևամորթ, սպիտակամորթ, ճապոնական և լատինամերիկյան ծագումով ամերիկացիների: Հարցման մասնակիցները, որոնց տարիքը 45-75-ի սահմանում էր, բաժանվել են մի քանի խմբի ըստ սուրճի օգտագործման:

Դիտարկումը տևել է 16 տարի, հետազոտության ավարտին մոտ 60.000 մարդ է մահացել, որոնցից 36 տոկոսը՝ սրտանոթային հիվանդություններից, 31 տոկոսը՝ քաղցկեղից:

Հետազոտության արդյունքների ճշգրտումից հետո (սեռը, տարիքը, ծխել-չծխելը, ալկոհոլի օգտագործումը և ֆիզիկական ակտիվության մակարդակը) պարզվել է, որ օրական 1 բաժակ սուրճը միջինը 12%-ով նվազեցնում է մահացության ռիսկը բոլոր պատճառներից, իսկ 3 բաժակի դեպքում՝ ռիսկը նվազում է 18%-ով:

Արդյունքը կախված չի եղել կոֆեինի առկայությունից: «Սուրճի մեջ շատ հակաօքսիդանտներ և ֆենոլային միացություններ կան, որոնք կարևոր են քաղցկեղի կանխարգելման համար»,-պարզաբանել է հետազոտության արդյունքները հետազոտության համահեղինակ Վերոնիկա Սեթյավանը, հայտնում է Lenta.ru-ն: