11 հուլիսի 2017 - 14:53 AMT
Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների վարժանքը

Հուլիսի 11-ին Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:

Վերոնշյալ ստորաբաժանումներն Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում:

Ուսումնամեթոդական հավաքն անցկացվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ, ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:

Վարժանքները կտևեն 3 օր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բազայում:

«Հավաքի մասնակիցները գործնականում կմշակեն հատուկ գործողությունների անցկացման ժամանակ ուժերի և միջոցների գործարկման կարգը, օպերատիվ մարտական գործողությունների վարման եղանակների կատարելագործմանն ուղղված հարցերը, փորձի փոխանակում կլինի մարտական պատրաստության պարապմունքների անցկացման մեթոդների մասով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հավաքին մասնակցում են ՀՀ ոստիկանության, Բելառուսի, Ղրղզստանի և ՌԴ ՆԳՆ, ինչպես նաև Ղազախստանի Ազգային գվարդիայի և ՌԴ Ազգային գվարդիայի դաշնային ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմը: