11 հուլիսի 2017 - 17:21 AMT
Օձի խայթոցից 65 մարդ է տուժել. ՀՀ բուժհաստատություններում հակաթույն կա

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017-ի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք:

Արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում և Տավուշում` 3-ական, իսկ Շիրակի մարզում 1 դեպք: Գեղարքունիքի մարզում օձի խայթոցի դեպք չի արձանագրվել:

Տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով: «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

2017-ին օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 18-ին, 2016 թվականին` ապրիլի 13-ին:

Կարդացեք նաև՝ Ինչ անել և չանել օձի խայթոցի դեպքում. Պարզաբանում է ԱԻՆ-ը