12 հուլիսի 2017 - 11:24 AMT
Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրմանագրեր է ստորագրել: Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա), հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով փոխվել է նաև Դանիայում Հայաստանի դեսպանը՝ Հրաչյա Աղաջանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Արզումանյանը:

Լևոն Մարտիրոսյանը 1997-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ, 2002-ին ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ միջազգային իրավունքի մագիստրոսի որակավորմամբ: 2007, 2008թթ. եղել է վարչապետի, այնուհետև նախագահի օգնական: 2007 թ. համահիմնադրել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) և ընտրվել ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։