12 հուլիսի 2017 - 13:37 AMT
Հուլիսի 7-ին Արցախում վիրավորված 2 զինծառայող տեղափոխվել է Երևան

Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած 2 զինծառայողի տեղափոխել են Երևան, երրորդը բուժումը շարունակում է Ստեփանակերտում: Այդ մասին ասել է ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Ըստ նրա՝ Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի առողջական վիճակը բավարար է, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ մյուս զինծառայողը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է Panorama.am-ը:

Խաչատրյանը հավելել է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վիրավորի առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ստեփանակերտի հոպիտալում գտնվող երրորդ զինծառայողի վիճակն, ըստ Կամավոր Խաչատրյանի, գնահատվում է նորմալ:

Հուլիսի 7-ին հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):