12 հուլիսի 2017 - 17:23 AMT
«Սասնա ծռերի» գործով դատը. Ինքնաբացարկի միջնորդությունից դահլիճ բերված ասեղներ

«Սասնա ծռերի» 14 մեղադրյալի գործով դատական նիստի ժամանակ փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարել է, որ Գաբրիելյանը չի կարող այս գործով իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքի։

«Դատավորը պետք է լինի համբերատար և պետք է ցուցաբերի զսպվածություն, այս դեպքում Դուք պարբերաբար հունից դուրս եք գալիս, Ձեր ձայնը բարձրացնում եք, և սա հիմք է տալիս, որ, հարգելի դատարան, Դուք իրապես չեք կարող այս գործով իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքեք և պետք է այլ դատավոր գա, քանի որ Դուք չեք կարող իրականացնել արդարադատություն։ Միանում եմ ինքնաբացարկի միջնորդությանը և Ձեզ հայտնում եմ ինքնաբացարկ», - հայտարարել է Ղարագյոզյանը։

Դատարանը այդ հայտարարությունից հետո մեկուկես ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը:

Հորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Գաբրիելյանը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Նիստի ընթացքում, դատարան արգելված իր բերելու համար ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել Անահիտ Մուրադյանը: Նրա մոտից դատական կարգադրիչները խուզարկությամբ հայտնաբերել էին խոշոր չափի ասեղ` վրան ամրակցված հայկական դրոշ:

Կինը կարգադրիչներին պարզաբանել է, որ այդ ասեղն իրեն բաժանել են դրսում` դատարանի բակում: Կինը ստորագրել է արձանագրության տակ և համաձայնել, որ իր մոտ ասեղ է եղել, գրում է Yerkir.am-ը:

Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Հարություն Դավթյանը տեղեկացրել է, որ քաղաքացիներ Լաուրա Զաքարյանի և Անահիտ Մուրադյանի մոտ զննության ժամանակ հայտնաբերվել են սուր ասեղներ՝ եռագույն դրոշով ամրակցված` մոտ 7 սմ երկարությամբ: Կազմված արձանագրությունը փոխանցվել է ոստիկանությանը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են արտագնա` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատել են:

2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: