Ինետրպոլը մերժել է Բաքվին չեխ խորհրդարանական Յարոմիր Շտետինային միջազգային հետախուզում հայտարարելու հարցում: Այդ մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ, որի ակումբի անդամ է Շտետինան:
Ինտերպոլի Լիոնի բաժանմունքը նաև կարգադրել է անդամ երկրներին հեռացնել Բաքվի այդ պահանջն իրենց ազգային տվյալների բազայից և չառաջնորդվել դրանով, հայտնում է Radio Praha-ի ռուսական ծառայությունը:
«Այս հակամարտությունում չսատարել Լեռնային Ղարաբաղին կնշանակի համաձայն լինել Ստալինի վարած ազգային քաղաքականությանը Կովկասում»,-ասել է Շտետինան: Ըստ նրա, 3 եվրապատգամավորների ձերբակալության պահանջը նպատակ ունի ահաբեկելու հարյուրավոր միջազգային մասնագետներին, որոնք այժմ աշխատում են Ղարաբաղում:
Ադրբեջանը մեղադրում է Շտետինային ընթացիկ տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Շտետինան Լյուքսեմբուրգից և Կիպրոսից պատգամավորների հետ Արցախում էր նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը, որով մասնակիորեն սահմանափակվեցին նախագահի լիազորություններն ու ԼՂ-ն վերանվանվեց Արցախի Հանրապետության: