13 հուլիսի 2017 - 12:46 AMT
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կղեկավարի հայազգի Հենրի Տերիոն

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախագահի պաշտոնում ընտրվել է Ուորչեսթրի համալսարանի պրոֆեսոր Հենրի Տերիոն: Տերիոն, որը հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հետազոտություններով, ընտրվել է ասոցիացիայի նախագահ IAGS-ի 13-րդ կոնֆերանսում, որն անցել է ավստրալական Քուինսլենդի համալսարանում:

«Մարդու իրավունքների ոլորտում նվաճումներով մենք հիմնականում պարտական ենք ցեղասպանության հետազոտություններին: Սարսափելի քաղաքական մթնոլորտն ԱՄՆ-ում, Եվրոպայում, այլ տարածաշրջաններում սպառնում է այդ առաջընթացին: Ռասայական խտրականությունը, այլատյացությունը, կանանց հանդեպ ատելությունը և այլն ներթափանցում են հանրային դիսկուրս և հանգեցնում իրավական ու քաղաքական անկման ամբողջ աշխարհում, հայտնում է Sputnik-Արմենիան Armenian Weekly-ի վրա հղումով:

«Ցեղասպանության սպառնալիքը նույնիսկ աճել է»,-ասել է Տերիոն իր հանդիսավոր ելույթում՝ հավելելով, որ ցեղասպանությունների հետազոտություններին խոչընդոտող դեմագոգների քարոզչությանը կարող է դիմակայել միայն գիտնականների համակարգված ու հետևողական աշխատանքը:

2007-ից Հենրի Տերիոն գլխավորել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հատուցումների տրամադրման հարցերի հետազոտման խումբը և խմբի աշխատանքի ամփոփիչ «Արդար լուծում» զեկույցի համահեղինակն է:

Նշվում է, որ Հենրի Տերիոն հայկական ծագումով (մայրական կողմից) առաջին IAGS նախագահն է:

Տերիոն բազմիցս է դասախոսություններով հանդես եկել և մասնակցել է տարբեր միջոցառումների ՀՀ-ում, Արցախում, Թուրքիայում, Լիբանանում, Ճապոնիայում, Հյուսիսային Կորեայում, Ռուանդայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և այլուր: