13 հուլիսի 2017 - 15:49 AMT
ՀՀ-ն կօգտագործի Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով

Հայաստանի կառավարությունը հուլիսի 13-ի նիստում հավանություն է տվել «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրով անդամ պետությունները պարտավորվում են Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործել:

Փաստաթուղթը ստորագրվել էր 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում:

Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով:

Օրենքը մշակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից:

Համաձայնագրով պետությունները չպետք է Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա տեղակայեն միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք. նրանք նաև չպետք է տեղակայեն կամ օգտագործեն այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում։

Համաձայնագրով արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Նմանապես, արգելվում է Լուսինն օգտագործել այդպիսի գործողություններ իրականացնելու համար, կամ ցանկացած նմանատիպ սպառնալիք ներկայացնել երկրագնդի, Լուսնի, տիեզերանավերի, տիեզերանավերի անձնակազմերի կամ մարդու կողմից ստեղծված տիեզերական օբյեկտների համար։

Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։ Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում։ Լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը չի արգելվում։