13 հուլիսի 2017 - 16:36 AMT
ԻՊ գրոհայիններն իրաքյան Թալ Աֆարը «խալիֆաթից» անկախ պետություն են հռչակել

«Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թալ Աֆար քաղաքն ինքնուրույն պետություն են հռչակել՝ դրանով իսկ հռչակելով նրա անկախությունն այսպես կոչված խալիֆաթից:

Ահաբեկիչները խիստ պատիժներով են սպառնացել յուրաքանչյուրին, ով չի կատարի նոր իշխանությունների հրամանները: Նշվում է, որ Թալ Աֆարի իրադարձությունները վկայում են ԻՊ շարքերում պառակտման մասին, որի պատճառը հավանաբար խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահն է, գրում է Lenta.ru-ն Akhbar Alaan-ի վրա հղումով:

Աղբյուրները պնդում են նաև, որ այժմ քաղաքում Ալ Բաղդադիի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ են իրականացվում: Դա իրականացվում է արաբների ու օտարերկրացիների ղեկավարությամբ, որոնք փորձում են իրենց կամքը թելադրել ընդդիմադիրներին:

Այն մասին, որ Ալ Բաղդադին հավանաբար մայիսի 28-ին սպանվել է ՌԴ ավիահարվածի հետևանքովսիրիական Ռաքքայի մատոույցներում, հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Այն ժամանակ ոչնչացվել էր մոտ 330 գրոհային, այդ թվում Ռաքքայի «էմիր» Աբու Ալ Հաջի Ալ Միսրին: Հունիսի վերջում Իրանի հեռուստատեսությունը լուսանկարներ հրապարակեց, որոնք հաստատում էին ԻՊ պարագլխի մահը: Աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիիմահը:

Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։