13 հուլիսի 2017 - 18:31 AMT
Կոտայքում գործարան է կառուցվելու. Մոտ 100-120 աշխատատեղ կստեղծվի

«Պ և Օ» ընկերությունը, որի հիմնադիրներն են հանդիսանում Գերմանիայի հանրապետության քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը, հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար պատրաստվում են կառուցել գործարան ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարածքում:

ՀՀ կառավարության նիստում տեղեկացվել է, որ այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 քառ. մետր մակերեսով հողամաս, բայց ծրագիրը ամբողջությամբ իրագործելու համար անհրաժեշտ է ևս 18000-20000 քառ. մետր մակերեսով արտադրական նշանակության հողամաս:

Ծրագիրը նախնական քննարկումներ է անցել Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության և Բնապահպանության նախարարություններում, որից հետո ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին:

Ներդրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում Պռոշյան և Քասախ համայնքների համար 3 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 100-120 աշխատատեղ: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ: