14 հուլիսի 2017 - 13:24 AMT
Բեյոնսեն գլխավորում է ամենահարուստ երաժիշտների Billboard ցուցակը

Ամերիկյան Billboard պարբերականը կազմել է 2016-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը: Ցանկը գլխավորում է երգչուհի Բեյոնսեն 62.1 մլն դոլար եկամուտով: Նա կարողացել է այդքան վաստակել Lemonade ալբոմի թողարկման և այդ կապակցությամբ համաշխարհային շրջագայության շնորհիվ, գրում է Lenta.ru-ն:

20 միլիոնով նրանից հետ է մնում ամերիկյան Guns N’ Roses հարդ ռոք խումբը: Խմբի անդամները վաստակել են 42.3 մլն դոլար շրջագայությունների շնորհիվ, որոնք մեկնարկել են 2016-ի ապրիլին և շարունակվում են մինչ օրս:

Առաջատարների եռյակն ամփոփում է ամերիկյան ռոք և ֆոլք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը՝ հետ մնալով Guns N’ Roses-ից 100.000 դոլարով: Դերասանը հոբելյանական բոքս-սեթ է թողարկել 2015-ի վերջում և մեկնել շրջագայության:

Տասնյակում են նաև կանադացի ռեփեր Դրեյքը, բրիտանցի երգչուհի Ադելը, անգլիական փոփ ռոք Coldplay խումբը, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ամերիկացի քանթրի ոճի կատարողներ Լյուկ Բրայանն ու Քեննի Չեսնին, ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը: