«Սասնա ծռեր» խմբի անդամներից 4-ի նկատմամբ դատարանի շենքում բռնություններ գործադրելու միջադեպի հետ կապված՝ պաշտպանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս մասին հայտնել է բռնության ենթարկված մեղադրյալներից Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն արդեն իսկ պատրաստ է և մոտ օրերս կուղարկվի Ստրասբուրգ: Փաստաբանի խոսքով, հաշվի առնելով գործի հրատապությունը՝ ՄԻԵԴ- ին խնդրելու են՝ գործը քննել արագացված կարգով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Հրատապությունը մի քանի համգամանքով է պայմանավորված: Առաջին՝ մենք չենք կարող բացառել, որ մեր պաշտպանյալների նկատմամբ բռնությունները չեն կրկնվի: Երկրորդ՝ նրանց բուժօգնության առումով պետությունն ուղղակի թերացել է, ըստ էության անգործության են մատնվել: Արայիկ Խանդոյանին բժիշկն այցելել է միջադեպից ավելի քան 1 շաբաթ հետո:
Այս բոլոր փաստերն ու հանգամանքները վկայում են, որ ներպետական ատյաններում դրական լուծումներ ակնկալելն ըստ էության միամտություն կլինի, և հուսով ենք՝ ՄԻԵԴ-ը հնարվորինս շուտ կարձագանքի մեր ներկայացրած գանգատին»,- ասել է Պապիկյանը:
Հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:
Հանրային մեծ հնչեղություն ստացած այս միջադեպի առիթով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:
Կարդացեք նաև՝ Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել