15 հուլիսի 2017 - 10:33 AMT
Եվրախորհրդարանում կոչ են արել Բաքվին որպես վահան չօգտագործել խաղաղ բնակչությանը

Եվրախորհրդարանի անդամներ Մարեկ Յուրեկը Լեհաստանից և Կոստաս Մավրիդասը Կիպրոսից հորդորել են Ադրբեջանին որպես կենդանի վահան չօգտագործել խաղաղ բնակչությանը:

«Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 4-ին խախտել են հրադադարի ռեժիմը շփման գծում: Ադրբեջանը բնակավայրում բազմակի կիրառման հրթիռային կայանք է տեղադրել, որի հետևանքով խաղաղ բնակչությունը կենդանի վահանի է վերածվել»,-ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Արմենիան» Asbarez.com-ի վրա հղումով:

Նրանք ափսոսանք են հայտնել զոհերի համար և նշել, որ դրանից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ հետաքննման մեխանիզմներ ներդնել, որը թույլ կտար պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մի քանի անգամ արել է այդ առաջարակը: Հայկական կողմը համաձայնվել է, ցավոք պաշտոնական Բաքուն շարունակում է մերժել»,-ասել են պատգամավորները:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։