15 հուլիսի 2017 - 13:15 AMT
ԱՄՆ-ն հայտնել է Աֆղանստանում ԻՊ առաջնորդի սպանության մասին

Աֆղանստանում սպանվել է այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Սաեդը: Այդ մասին հուլիսի 14-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Դանա Ուայթը:

Ըստ նրա, դա տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աֆղանստանի Կունար գավառում խմբավորման կենտրոնակայանին հասցված հարվածի արդյունքում: Դա «Զգալիորեն կխախտի իրենց ներկայությունն այդ երկրում ընդլայնելու աբահեկիչների մտադրությունները», հայտարարել են Պենտագոնում, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ն ԻՊ արդեն երրորդ առաջնորդին է վերացնում Աֆղանստանում: 2016-ի հուլիսին սպանվեց Հաֆիզ Սայեդ Հանը ԱՄՆ դրոնով հրթիռային հարվածի հետևանքով, 2017-ի ապրիլին սպանվեց Աբդուլ Հասիբը՝ աֆղան և ամերիկացի զինծառայողների համատեղ գործողության արդյունքում: Ահաբեկչական խմբավորումը հայտնվել է Աֆղանստանում 2015-ին, մի ժամանակ այնտեղ ԻՊ մինչև 3000 գրոհային կար: